National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.04.2022
Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում  Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ճակատագրական նշանակություն է ունեցել. Սիրիայի բարեկամ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների:

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատերազմում ներգրավել էր վարձկաններ Սիրիայից եւ տարածաշրջանի այլ պետություններից:

«Թեեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տեւական ժամանակ, սակայն իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը»,-փաստել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ Հայաստանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հակոբ Արշակյանը փոխշահավետ համագործակցության ամրապնդման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Այս հարցում ԱԺ փոխնախագահը շեշտել է նաեւ սիրիահայ համայնքի դերակատարությունը եւ հավելել, որ մեր երկիրը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների ու ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ:

Լյուսի Իսկանյանը եւս կարեւորել է երկկողմ հարաբերությունների խորացումը եւ Հակոբ Արշակյանին ու հայ օրենսդիրներին է փոխանցել Սիրիայի խորհրդարանի նախագահի ջերմ ողջույնները եւ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը:

Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ Սիրիան եւս զգացել է ահաբեկիչների իրականացրած գործողությունների հետեւանքները: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերի իրականացումը, ինչը դանդաղել էր սիրիական ճգնաժամի հետեւանքով:

ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը եւս խոսել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարեւորությունից, փաստել հայ համայնքի գործուն աջակցությունն այդ հարցում: Ընդգծվել է, որ սիրիահայ համայնքը լիարժեք ներգրավված է երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am